Հայ առաքելական եկեղեցուն պաշտպանելուց հետո բանտում հայտնված միլիարդատեր Սամվել Կարապետյանի համախոհները հայտարարում են՝ Կարապետյանն է առաջնորդելու նոր ստեղծվելիք քաղաքական ուժը՝ զուգահեռ ակնարկելով, որ վարչապետի թեկնածուն այլ անձ է լինելու:
Երեկ Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը թեմային կարճ անդրադարձավ Մայր Աթոռի բակում՝ հղում անելով սահմանադրական կարգավորումներին. - «Մեր թիմի ղեկավարը կլինի Սամվել Կարապետյանը, նրա աշխատանքային հովանու ներքո կգնանք առաջ, այսինքն, բոլոր թե՛ տնտեսական, թե՛ սոցիալական, թե՛ արտաքին քաղաքականության հարցերում մենք նրա նախանշած ուղուն կհետևենք»:
Կալանավորվելուց մոտ երկու շաբաթ անց Սամվել Կարապետյանը ԱԱԾ մեկուսարանից տեղեկացրել էր քաղաքական նոր ուժ ստեղծելու մտադրության մասին: Գործարարը բանտից նաև հայտնել էր, թե այդ ուղղությամբ աշխատանքները մեկնարկել են: Հայաստանի Սահմանադրությամբ վարչապետ կարող է ընտրվել քսանհինգ տարին լրացած, վերջին չորս տարում միայն Հայաստանի քաղաքացի հանդիսացող և նույնքան տարի Հայաստանում մշտապես բնակվող, ընտրական իրավունք ունեցող և հայերենին տիրապետող յուրաքանչյուր ոք: Սամվել Կարապետյանը Հայաստանից բացի նաև Ռուսաստանի քաղաքացիություն ունի: Նրա եղբորորդի Նարեկ Կարապետյանը երեկ հայտարարում էր՝ կառավարման համակարգում ներգրավելու են պրոֆեսիոնալների:
«Շատ կարևոր է, որ այն ուժը, որը հաղթել է, այդ ուժն առաջարկի պրոֆեսիոնալ ղեկավարների, և ոչ թե մի մարդու, ով պետք է նստի աթոռին, կառչի աթոռից, անգամ սխալներ գործելու դեպքում չցանկանա հեռանալ այդ աթոռից, դա է բերում բոլոր այս ցնցումներին», - նշել է նա:
Հայաստանի վարչապետը «Տաշիր» ընկերությունների սեփականատեր Սամվել Կարապետյանի քաղաքական հավակնություններին անդրադարձել էր իր վերջին մամուլի ասուլիսին: Նիկոլ Փաշինյանը սահմանադրական արգելքների մասին էր հիշեցրել, հետո սեփական վերլուծություններն արել, թե այդ պայմաններում ինչպես է Կարապետյանի առաջնորդությամբ ձևավորվող քաղաքական ուժը գործունեություն ծավալելու:
Միլիարդատեր գործարարի համախոհներից որևէ մեկի հետ կապ հաստատել չի հաջողվում, որպեսզի պարզենք, թե ի՞նչ փուլում են նոր ուժ ստեղծելու շուրջ աշխատանքները, ի վերջո ովքե՞ր են լինելու առանցքային անդամները, ինչպե՞ս է կոչվելու նորաստեղծ ուժը:
Այսօր ԱԱԾ մեկուսարանից հերթական հայտարարությունն է արել Սամվել Կարապետյանը՝ կրկին առանց փակագծեր բացելու վստահեցրել. - «Նոր ձևավորվող մեր թիմը, հիմնված է լինելու հատկապես մեր ազգային լավագույն որակների, ժողովրդի ամուր կամքը կրող անձանց և հատկապես երիտասարդների վրա։ Մեր պատմության նոր, վաղուց սպասված ու երազած էջ ենք բացելու՝ մե՛ր ձևով»։
Մինչ Սամվել Կարապետյանն ու նրա համախոհները լուռ են, մամուլում որպես վարչապետի հնարավոր թեկնածու շրջանառվում է նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի անունը: Երեկ լրագրողները Նարեկ Կարապետյանին ուղիղ հարցրել էին՝ արդյոք տեղեկությունը համապատասխանո՞ւմ է իրականությանը, Կարապետյանը ոչ հերքել, ոչ էլ հաստատել էր: Արդեն այսօր Սամվել Կարապետյանի պաշտպանության խորհրդի Էջում հայտնվեց մի հոդված, որում կրկին խոսվում է այն մասին, որ ընտրական ցուցակը կարող է գլխավոր Կարեն Կարապետյանը:
Կալանավորված գործարարին հրապարակավ աջակցություն հայտնած նախկին վարչապետը որևէ կերպ այս լուրերին չի արձագանքել: