Մատչելիության հղումներ

Ապաշրջափակումը չպետք է հանգեցնի սահմանների փոփոխության. Բաղայի


Հարավային Կովկասում հաղորդակցության ուղիների բացումը չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքական լանդշաֆտի և սահմանների փոփոխության, որևէ կերպ չպետք է հակասի տարածաշրջանի պետությունների տարածքային ամբողջականության և ինքնիշխանության սկզբունքներին, այսօր Թեհրանում կայացած ասուլիսի ընթացքում հայտարարել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Իսմայիլ Բաղային։

IRNA պետական լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև ընդգծել է․ «Վերջին օրերին շատ է խոսվել տարածաշրջանում ծավալվող զարգացումներին արտատարածաշրջանային ուժերի հնարավոր մասնակցության մասին։ Մենք վերահաստատում ենք մեր այն մոտեցումը, ըստ որի՝ դա չի նպաստի տարածաշրջանի անվտանգությանն ու զարգացմանը»։

Բաղային շեշտել է. «Գոհունակությամբ ենք ընկալել այն հանգամանքը, որ Ադրբեջանի մասով այդ լուրերը հերքվել են մի շարք դերակատարների կողմից»:

Համաձայն վերջին հաղորդումների՝ ԱՄՆ-ն Հայաստանին առաջարկել է վարձակալել Սյունիքով դեպի Նախիջևան ճանապարհը:

Հայաստանի վարչապետն իր ասուլիսում հաստատել էր, որ ապաշրջափակման քննարկվող հիմնական տարբերակն ամերիկյան առաջարկն է, բայց և նշել, որ վերջնական համաձայնություն Սյունիքով անցնող ճանապարհի շուրջ, որն Ադրբեջանն անվանում է «Զանգեզուրի միջանցք», չկա:

«Զանգեզուրի միջանցքի» բացումը մեծ նշանակություն ունի տարածաշրջանի համար, կամրապնդի Միջին միջանցքը, ավելի վաղ հայտարարել էր Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Բիրոլ Աքգյունը։


XS
SM
MD
LG