Մատչելիության հղումներ

Թրամփը «շատ հիասթափված է» Պուտինից և կրճատել է Ուկրաինայում հրադադար հաստատելու համար տրված 50-օրյա ժամկետը


Միացյալ Թագավորություն - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպում են Թըրնբերիում, Շոտլանդիա, 28-ը հուլիսի, 2025թ.
Միացյալ Թագավորություն - ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հանդիպում են Թըրնբերիում, Շոտլանդիա, 28-ը հուլիսի, 2025թ.

ԱՄՆ նախագահը հայտարարել է՝ հիասփաթված է Ռուսաստանի նախագահից և կրճատում է 50-օրյա ժամկետը, որ Վլադիմիր Պուտինին տվել էր Ուկրաինայում խաղաղության հասնելու շուրջ գործարք կնքելու համար: Հիմա 10-12 օր է տալիս դրա համար:

Շոտլանդիա այցի ժամանակ Դոնալդ Թրամփն ասել է, որ ամեն անգամ, երբ Պուտինի հետ հեռախոսազրույց է ունենում, թվում է՝ ամեն ինչ կարգին է, սակայն հետո Ռուսաստանը շարունակում է հարվածել Ուկրաինային:

«Շատ հիասթափված եմ նախագահ Պուտինից, շատ ... Եվ կրճատելու եմ նրան տված 50 օրը ... քանզի արդեն գիտեմ հարցի պատասխանը, թե ինչ է տեղի ունենալու», - նշել է Թրամփը:

Մինչ այդ ԱՄՆ պետքարտուղարն էր հայտարարել, որ նախագահի համբերության բաժակը լցվել է Ուկրաինայում պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանի վարքագծի պատճառով: Fox News-ին տված հարցազրույցում Մարկո Ռուբիոն ասել էր՝ նախագահը համարում է, որ Վլադիմիր Պուտինը ժամանակ է ձգում, և ժամանակն է կոնկրետ քայլեր անել պատերազմը դադարեցնելու ուղղությամբ։

«Կարծում եմ՝ նախագահն ավելի ու ավելի է հիասթափվում, որ չնայած Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցներով շատ լավ շփումներին, դրանք երբեք ոչ մի արդյունք չեն տալիս։ Այնպես որ, ժամանակն է, որ որոշակի գործողություններ արվեն», - ընդգծել էր Ռուբիոն:

Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն, իր հերթին, Fox News-ին տված հարցազրույցում հույս է հայտնել, որ մինչև իր պաշտոնավարման ավարտը ուկրաինական հարցը կարգավորված կլինի: «Հուսով եմ՝ դա կարևոր պահ կդառնա», - ասել է նա:

Մինչ ԱՄՆ-ը դժգոհում է, որ Ռուսաստանը հրադադար չի հաստատում, ռուսական զինուժը շարունակում է հրթիռներով և անօդաչուներով հարվածել ուկրաինական բնակավայրերին: Կիևում անօդաչուն հարվածել է բազմահարկ բնակելի շենքի, կա առնվազն հինգ վիրավոր, այդ թվում՝ երեքամյա երեխա:

Կիևի բնակիչ Գալյան պատմում է, որ գիշերը պայթյունի ձայնից են արթնացել և տեսել, որ պատուհանները փշրվել են. - «Սկսեցինք հավաքել մեր իրերը, այդ թվում՝ փաստաթղթերը, և իջանք ներքև։ Միայն այդ ժամանակ հասկացանք, որ մեր շենքը հարձակման է ենթարկվել»։

Երեկոյան օդային տագնապ է հայտարարվել Ուկրաինայի գրեթե ողջ տարածքում։ Սումիում ռուսական անօդաչուն հարվածել է ավտոբուսի, կա երեք զոհ: Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական զորքը Դոնեցկում փորձում է մասամբ շրջափակման մեջ վերցնել Պոկրովսկ քաղաքը, որը ռազմավարական նշանակություն ունի: Հարձակման են ենթարկվել նաև այլ բնակավայրեր, ռուսական կողմը հայտնել է, որ Ուկրաինայի արևելքում ևս երկու բնակավայր է վերցրել:

Ուկրաինական զինուժն, իր հերթին, հարվածել է Լենինգրադի շրջանի ռազմական և արդյունաբերական օբյեկտներին, կա մեկ զոհ: Ըստ նահանգապետի՝ սա պատերազմի սկսվելուց հետո ամենազանգվածային հարձակումն է մարզի վրա, որտեղ երեկ նշում էին Ռազմածովային ուժերի օրը: Չնայած այս առիթով նախատեսված ռազմական շքերթը չեղարկվել է, նախագահ Պուտինը, այդուհանդերձ, մեկնել է Սանկտ Պետերբուրգ, շփվել քաղաքացիների հետ:

Այս ֆոնին Ուկրաինան պատժամիջոցներ է սահմանել 45 ռուսաստանցիների և Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրի հետ կապված 50 ընկերությունների նկատմամբ։ Նոր պատժամիջոցները կազդեն Ռուսաստանի, Չինաստանի, Իրանի և Արաբական Միացյալ Էմիրությունների տասնյակ անհատների և ընկերությունների վրա, որոնք զբաղվում են անօդաչուների արտադրության համար հազվագյուտ մետաղների արդյունահանմամբ և վերամշակմամբ, ինչպես նաև Ռուսաստանի ռազմարդյունաբերական համալիրին ռազմական տեխնոլոգիաների մատակարարմամբ։

Նախագահ Վլադիմիր Զելենսկին ասել է, որ պատժամիջոցները պետք է Ռուսաստանին զրկեն պատերազմը ֆինանսավորելու հնարավորությունից:

«Հիմա հենց այն պահն է, երբ Ռուսաստանի վրա պետք է այնքան ուժեղ ճնշում գործադրել, որ հաջորդ տարի պատերազմ չլինի … Պատժամիջոցները պետք է արդյունավետորեն Ռուսաստանին զրկեն իր ներուժից։ Մենք աշխատում ենք դրան հասնելու համար», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

Ավելի ուշ Զելենսկին հայտնել է, որ պատերազմի սկզբից ի վեր 5 հազար 857 մարդ գերությունից վերադարձել է Ուկրաինա:

Այսօր հայտնի դարձավ, որ կիբեռհարձակման է ենթարկվել ռուսական «Աէրոֆլոտ» ավիաընկերությունը, ինչի հետևանքով 40-ից ավելի չվերթներ են չեղարկել: Հարձակման պատասխանատվությունը ստանձնել են Silent Crow և Կիբեռպարտիզաններ BY հաքերային խմբերը, որոնք հայտնի են Ուկրաինային իրենց աջակցությամբ:

Ռուսաստանի արտգործնախարարն, իր հերթին, հայտարարել է, որ Ռուսաստանն իր պատմության մեջ առաջին անգամ միայնակ պայքարում է ամբողջ Արևմուտքի դեմ, և այս փուլում չի կարելի թուլություն դրսևորել: Սերգեյ Լավրովն ասել է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն է «հաղթել թշնամուն»:

«Առաջին համաշխարհային, Երկրորդ համաշխարհային պատերազմում մենք դաշնակիցներ ունեինք։ Հիմա մենք դաշնակիցներ չունենք մարտադաշտում։ Հետևաբար, մենք պետք է հույսներս դնենք մեզ վրա, չպետք է թույլ տանք որևէ թուլություն կամ անգործություն», - ասել է Լավրովը:


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG