Մատչելիության հղումներ

Տրանսպորտի համար չվճարողներին տուգանելու համակարգը գրեթե պատրաստ է


Արխիվային լուսանկար
Արխիվային լուսանկար

Տրանսպորտի համար չվճարող ուղևորներին տուգանելու հնարավորություն տվող համակարգը գրեթե պատրաստ է: Այսօր Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը հատնեց, որ տրանսպորտում հսկողության իրականացման լիազորությունները տրվել են հասարակական կարգի պահպանության ծառայությանը, որ մոտ վեց տասնյակ աշխատակից ունի: Ըստ Գրիգորյանի՝ ծրագրային աշխատանքները գրեթե ավարտված են, հասարակական կարգի ծառայության աշխատակիցները դասընթացներ պետք է անցնեն՝ ինչպես ստուգումները կատարել:

Այսօր քաղաքապետ Տիգրան Ավինյանը հայտարարեց, որ շուտով արդեն հնարավոր է սկսեն չվճարող ուղևորներին տուգանել. - «Էս շաբաթ մենք սկսում ենք վերապատրաստումը և փաստացի արդեն սկսում ենք նաև պոտենցիալ տուգանել խախտողներին»:

Հավելյալ մանրամասներ, թե քանի հսկիչ է լինելու, երբվանից են սկսելու տուգանել, ինչպես են նրանք ստուգելու՝ արդյոք ուղևորը վճարել է, թե՝ ոչ, ինչ դասընթացներ են անցնելու, ովքեր են այդ դասընթացները վարելու, քաղաքային իշխանությունները չեն հայտնում, քաղաքապետարանից գրավոր հարցում են պահանջում գործընթացի մանրամասները ներկայացնելու համար:

Հատուկ չվճարող քաղաքացիներին տուգանելու հնարավորություն ստեղծելու համար Ազգային ժողովը հուլիսի սկզբին մի քանի օրենքներում փոփոխություններ արեց:

Չվճարող կամ ուրիշի տոմսով երթևեկող քաղաքացիները 15 հազար դրամով կտուգանվեն, իսկ եթե քաղաքացիները տոմս ունեն, բայց մի րոպեի ընթացքում վճարման սարքին չեն մոտեցրել, տուգանքը 3 հազար դրամ կկազմի:

Մինչ այդ, տրանսպորային փոփոխությունները նախաձեռնած քաղաքապետարանը, որ հայտարարում էր, թե նոր ավտոբուսները սպասարկելու համար գումարի կարիք ունեն, և ուղեվարձն ավելացնելը միակ լուծումն է, ստիպված եղավ ընդունել, որ փոփոխություններից հետո թերի հավաքագրումներ են, քանի որ քաղաքացիների մոտ 25-30 տոկոսը չի վճարում:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանն ասում է՝ իրենք զգուշացնում էին, որ քաղաքապետարանի մշակած փաթեթները չեն աշխատելու, խնդիրն այն է, որ քաղաքային իշխանությունները համակարգային մոտեցում չունեն:

«Ժամանակին ասում էինք՝ վերանայեք ձեր փաթեթները, վերանայեք ձեր գնային քաղաքականությունը, ու չէի լսում, հիմա իրենք բախվել են էն խնդրին, ինչի մասին մենք խոսել ենք դեռևս նախորդ տարվա վերջին, որ թվացյալ գումարի ավելացումը պետք է ապահովեր, բայց կտեսնեք, որ ապահովելու է ավելի փոքր մուտք», - «Ազատության» հետ զրույցում ասաց Պիպոյանը՝ շարունակելով. - «Ինչի՞ է ապահովելու ավելի փոքր մուտք. որովհետև որոշումները կայացնողները, մեկ, փաթեթները մշակել էին, եթե շատ մեղմ գնահատեմ, անգրագետ, որևէ իրական միջազգային փորձ հետ հաշվի չնստելով, երկրորդը՝ է՛լ ավելի կարևոր խնդիր՝ մեր քաղաքային իշխանությունները չեն ճանաչում մեր հասարակությանը: Երբ որ դու հաշվի չես առնում, որ ունես բազմաթիվ թոշակառուներ, ովքեր կանգառում մի ժամ սպասում էին տրոլեյբուսի, որ 50 դրամ ավել չվճարեին նստեին ավտոբուս, դու չես հասկանում, թե ինչ մեծ նշանակություն ուներ էդ 50 դրամը, որ ինքը ստիպված 20 րոպե մնում էր կանգառում, ու չես պատկերացնում, որ էդ մարդը էսօր 20 րոպե կանգառում կանգնելու փոխարեն 20 րոպե քայլելու է: Առանց ճանաչել անում ես, ուրեմն՝ էս է»:

Բաբկեն Պիպոյանն ասում է՝ հիմա քաղաքային իշխանություններն իրենց սխալն ընդունելու ու վերանայելու փոխարեն Ազգային ժողովում լրացուցիչ օրենսդրական փոփոխություններով տուգանք սահմանելով են հարցը փորձում լուծել:

«Համակարգային մտածողության բացակայություն ունի քաղաքային իշխանությունը, ամեն անգամ անում սխալ ու սեփական սխալները ընդունելու, սեփական սխալներից դասեր քաղելու փոխարեն և ճիշտ ուղու վրա գալու փոխարեն ինքը որոշում է հերթական, այսպես ասած, նոր սխալը անել, որից մեկն էլ սա է», - ընդգծեց «Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ ղեկավարը՝ մանրամասնելով. - «Տեսեք, անկախ ամեն ինչից՝ գործող վարչական ռեսուրսով է արվում թե չգործող վարչական ռեսուրսով է արվում դրա վերահսկողությունը, թե նոր հաստիքներ են ստեղծվում, որ վերահսկողություն իրականացնեն, մենք հասկանում ենք մի բան, որ լրացուցիչ աշխատանք է, որը վարձատրվում է, ճի՞շտ է: Եթե մի բանը վարձատրվում է, դա նշանակում է, որ տրանսպորտային համակարգը ի սկզբանե, գները երբ որ մեք սահմանում էինք, էդ գները էնպես նախատեսեցինք, որ լրացուցիչ վարչական ռեսուրս ստեղծվեր, ու սպառողը տար դրա գումարը»:

Երևանի կենտրոնում փոքրիկ հարցման ընթացքում քաղաքացիները տարակուսում էին՝ ինչպե՞ս են հսկիչները ստուգելու, օրինակ, քարտով վճարման փաստը, կամ գերծանրաբեռնված ավտոբուս ինչպե՞ս են մտնելու, որ ստուգեն: Հարցվածների մի մասը կողմ էր տուգանելուն, մի մասը դեմ էր, բայց ուշագրավ է, որ ոմանք արդեն կես տարի գործող նոր տրանսպորտային համակարգից օգտվելիս դեռ խնդիրների էին բախվում և անգամ տեղյակ չէին, թե ինչ փաթեթներ կամ զեղչեր կան իրենց համար:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG