«Զանգեզուրի միջանցք» նախագծով ԱՄՆ-ն ու Իսրայելը նպատակ ունեն վնաս հասցնել Իրանի ազգային անվտանգությանը», - նախօրեին հայտարարել է Իրանի հոգևոր առաջանորդ այաթոլա Խամենեիի միջազգային հարցերով գլխավոր խորհրդական Ալի Աքբար Վելայաթին:
Իրանցի բարձրաստիճան պաշտոնյայի համոզմամբ՝ «Զանգեզուրի միջանցք» անվան տակ իրականում թաքնված է լայն աշխարհաքաղաքական ծրագիր. - «Իրական նպատակն է թուլացնել «դիմադրության առանցքը», խզել Իրանի կապը Կովկասի հետ և հարավում Իրանի ու Ռուսաստանի դեմ իրականացնել ցամաքային բլոկադա»:
Իրանի հոգևոր առաջնորդի գլխավոր խորհրդականը, ով շուրջ 16 տարի զբաղեցրել է արտաքին գործերին նախարարի պաշտոնը, համոզված է՝ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» նախագծին աջակցում են ոչ միայն ՆԱՏՕ-ն ու ԱՄՆ-ը, նպատակ ունենալով Ուկրաինայից ճնշումը տեղափոխել Կովկաս, այլև «այդ նախագծին աջակցում են նաև որոշ պանթուրքիստական շարժումներ»:
Պաշտոնական Թեհրանը թերևս առաջին անգամ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» շահառու դիտարկում նաև պանթուրքիստական շարժումներին: 19-րդ դարի վերջին ստեղծված պանթուրքիզմի գաղափարախոսության նպատակն է «Մեծ Թուրանի» ստեղծումը՝ թուրք ժողովուրդների համախմբումը մեկ միասնական թուրքական պետության մեջ:
Խոսելով Ադրբեջանի և Թուրքիայի առաջ քաշած «Զանգեզուրի միջանցք» նախագծի աշխարհաքաղաքական նպատակների մասին, Իրանի հոգևոր առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Վելայաթին ընդգծում է՝ Թեհրանը ի սկզբանե հստակ ու վճռական կերպով ընդդիմացել է այս քայլերին և նույնիսկ «սահմանին ուժեր է տեղակայել և իրականացնում է կանխարգելիչ զորավարժություններ՝ ցույց տալու համար, որ Իրանի համար ազգային անվտանգությունը կարմիր գիծ է»:
Ալի Աքբար Վելայաթիի խոսքով՝ «պասիվ արձագանքի» փոխարեն «ակտիվ կանխարգելման» քաղաքականությունը Իրանի կողմից որդեգրված խելացի ռազմավարություն է:
Բաքվից այսօր արդեն արձագանքել են Վելայաթիի այդ հայտարարություններին՝ իշխանամետ վերլուծաբանների շուրթերով հակադարձելով , թե «պանթուրքիզմի» մասին խոսելով Թեհրանը ի ցույց է դնում իր վախերը: Իսկ վախը, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, պայմանավորված է նրանով, որ Իրանի այն շրջաններում, որտեղ ավելի քան 30 միլիոն թուրք-ադրբեջանցիներ են ապրում, ձևավորվում է թուրքական պետության աշխարհիկ մոդելը:
Ինչ վերաբերում է Թեհրանից հնչող զգուշացումներին՝ Ադրբեջանի հետ սահմանին պարբերար իրականացվող զորավարժությունների տեսքով, ապա Բաքվից հակադարձում են, թե Ադրբեջանի օդուժը վերահսկում է Իրանի հետ ամբողջ սահմանը՝ Արաքս գետով, Ջաբրայիլից մինչև Նախիջևան: Ըստ ադրբեջանցի իշխանամետ վերլուծաբանների՝ Թեհրանը իրականում ճնշման որևէ գործիք չունի՝ ցուցադրական հռետորաբանությունից բացի, և ռազմական այս սպառնալիքներն ընդամենը թատերական ներկայացում են:
Թեհրանը, մինչդեռ, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» թեման գրեթե ամենօրյա ռեժիմով շարունակում է պահել իր օրակարգում, այսօր էլ Իրանի արտգործնախարարի խոսնակ Իսմայիլ Բաղային ընդգծել է, որ ուշադիր հետևում են զարգացումներին, քանի որ այն վերաբերում է երկրի ազգային շահերին:
Խոսելով «տրանսպորտային երթուղիների ընդլայնման» մասին, Բաղային ասել է, որ «այն ոչ մի կերպ չպետք է հակասի երկրների ազգային ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը, ինչպես նաև չպետք է հանգեցնի տարածաշրջանի աշխարհաքաղաքականության կամ ճանաչված սահմանների որևէ փոփոխության»:
Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության խոսնակը նաև անդրադարձել է տարածաշրջանային զարգացումներին արտաքին խաղացողների միջամտության հարցին՝ նշելով, թե Իրանը բացահայտորեն հայտարարել է, որ նման ներգրավվածությունն օգտակար չէ տարածաշրջանի անվտանգության և զարգացման համար։
Խոսելով արտաքին միջամտության մասին՝ Թեհրանը թերևս նկատի ունի ճանապարհների ապաշրջափակման ամերիկյան տարբերակը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր վերջին ասուլիսում հաստատել էր՝ ապաշրջափակման հիմնական քննարկվող տարբերակն ամերիկյան առաջարկն է, որի շուրջ դեռ համաձայնություն չկա: Ավելի ուշ արդեն, իշխանական պատգամավոր Արման Եղոյանը տեղեկացրեց, թե հայկական կողմը մերժել է Սյունիքով անցող ճանապարհը վարձակալելու ամերիկյան առաջարկը:
«Նման գաղափար ամերիկացիները ունեին, բայց դա մեզ համար ընդունելի չի եղել [...], որովհետև այդտեղ արդեն [...] մենք նկատել ենք ինքնիշխանության զիջման վտանգ», - անցած շաբաթ Factor.TV-ի հետ զրույցում հայտարարեց Եղոյանը:
Պարզ չէ, սակայն, մերժելով Սյունիքով անցնող ճանապարհի վարձակալության առաջարակը, արդյոք Վաշինգտոնի հետ քննարկումները շարունակվում են այլ առաջարկների շուրջ:
Հայաստանը մերժում է Ադրբեջանի պահանջած «Զանգեզուրի միջանցքի» գաղափարը՝ առաջարկելով երթուղիների ապաշրջափակման իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը՝ հարգելով միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու իրավազորությունը: Բաքուն, մինչդեռ, առանց որևէ ստուգման, անխոչընդոտ ճանապարհ է պահանջում: